воскресенье, 26 августа 2012 г.

Հավատում եմ քեզ, զինվո՛ր

Այն, ինչ հիմա կարդալու եք, գրել եմ մոտ 2 տարի առաջ:
Սա իմ միակ ստեղծագործությունն է, որը կարդալիս չեմ ուզում որևէ բան փոխել:
Այստեղ գրված ամեն բառը ծնվել է իմ հոգում՝ Հոգուց:
Երբ սա գրում էի, ես պատկերացում անգամ չունեի՝ իրականում ինչ է նշանակում  զինվոր լինել (բառիս բուն իմաստով), ու զինվոր ունենալ...
Իմ կյանքում զինվոր չկար:
Ես չգիտեի՝ ինչ է նշանակում հեռավորություն կտրել՝ զինվոր տեսնելու համար...
... ինչ է նշանակում նրան գրկելիս խեղդվել արցունքի ուրախության մեջ ու մոռանալ ներսումդ կուտակված այն կարոտը, որը բթացրել էր բոլոր զգայարաններդ...
Ես երբեք չէի զգացել այն ամբողջ հավատի խորությունը, երբ աղոթում ես Երկրի խաղաղության համար... Բոլոր զինվորների համար ու այդ բոլորի մեջ այն մեկի համար, ով քոնն է, քո զինվորն է... ու իր մայրիկի և քույրիկի խաղաղությունն ու ապահովությունը պաշտպանելու հետ մեկտեղ, պաշտպանում է նաև քոնը... քո ընտանիքինը:
Երկար չեմ ուզում խոսել, մանավանդ հիմա, երբ այնքան լիքն եմ իմ զինվորով, ու թվում է, թե ամեն գրածս բառի հետ դատարկվում ու կորցնում եմ նրա ուժ տվող ներկայույությունն իմ միջից:
Սա այն միակ ստեղծագործությունս է, որ ուզում եմ կարդան շատերը...
Բոլոր հայերը:
Երազանք:
Կարդացեք ու տարածեք սա, խնդրում եմ:
Աստված բոլոր զինվորների ու նրանց հավատով սպասողների հետ:
Ամեն:
                                                                           ***
… և ձեռքն անպատմելի նրբությամբ սահեց նրա որովայնի վրայով:
Մի կետում կանգ առավ:
Ահա այստեղ է բաբախում կյանքը:
Մի պահը տրվեց մտքերի հորձանքին, ապա լուսավառ մի միտք ժպիտ կաթեցրեց նրա խոհուն աչքերի մեջ. «Ամեն երեխայի հետ երկնքից լուր է գալիս, որ Աստված մեզ չի մոռացել…»:
Հուզմունքի ալեկոծումը զսպելով՝ փակեց աչքերը ու ձեռքը չհեռացրեց այնտեղից, որտեղից այդքան խոսուն էր կյանքը:
Սկսեց խոսել.
«Այն լուսաթաթախ ակնթարթով, որ ծնողներիդ անմեկնելի երջանկությամբ պիտի օծի, սկիզբ կառնի քո ոլորապտույտ ճանապարհը: Այն մշուշված կլինի թանձր անորոշությամբ ու հազարավոր անպատասխան հարցերով:
Միակ աջակիցդ կլինի բանականությունդ, որը, որպես անգնահատելի գանձ, պիտի ժառանգես երկնքից, որ արժանապատվորեն անցնես ճանապարհդ:
… Կգա մի ակնթարթ, երբ քո առաջ վեր կխոյանա մի բլրակ: Բլրակի հաղթահարումով կլցվես մի պարզ ճշմարտության գիտակցմամբ. մենք բոլորս մեր առաքելությամբ ենք գալիս աշխարհ:
Դու, խոհերիդ մեջ ընկղմվելով, կգտնես նպատակների մի կապոց, որը մշտավառ փարոսի նման կլուսավորի ճանապարհդ:
Երբեմն քո առաջ կակոսվեն անկամուրջ անդունդներ, որոնք քեզ անանցանելի կթվան: Այդ ժամանակ պարզապես փակիր աչքերդ ու զգա ա՛յն զորության ներկայությունը, որը քեզ առաքել է երկիր ու կանգնեցրել հենց այդ անդունդի առաջ, որ դրա հաղթահարումով թրծվես ու ճաշակես իմաստության լուսե նշխարներ:
Մենք զինվորներ ենք. ամեն ակնթարթ մենք պատերազմում ենք մեր ներքին հակասությունների, մեր սեփական արատների դեմ՝ մերթ կյանքի հետ, մերթ կյանքի դեմ:
Իսկ այս մարտում հաղթանակի բերկրանքը վայելում է միայն նա, ով չի վախենում պայքարելուց:
Քանզի ամեն ակնթարթը մի ճակատամարտ է հանուն արդարի, ազատության ու ճշմարտության… ու այս պայքարում անսխալականներ չկան:
Պարզապես սխալների վրա սովորել է պետք սովորել:
… որ կարողանաս դիմակայել հուսահատության կատաղի փոթորիկներին, չհասկացված լինելու ցավին, վշտի ալեկոծումներին ու…
Սիրով, հավատով զրահավորված՝ պիտի պատրաստ լինես հարկ եղած դեպքում նաև զենք վերցնել ձեռքդ ու աներկյուղ քայլել դեպի արյունիդ, հայրենի հողիդ քաղցով տառապող թշնամու երախը:
Որովհետև աշխարհում կան անանց արժեքներ, որոնց համար կատաղի պայքար տանելը, կյանք խլելն ու զոհվելը դեպի հավերժություն են տանում:
Դու ծնվելու ես մի երկրում, որը Եռաբլուր ունի…
ունի Ծիծեռնակաբերդ:
Բայց ունի նաև Մատենադարան ու Սուրբ Էջմիածին:
Մեր սահմաններն այժմ քաջերն են հսկում՝ կարոտ սրտերով, բայց աննկուն հոգով:
Նրանց մի ամբողջ ազգ է հավատում:
Նրանք կանգնած են այնտեղ, որ մայրդ խաղաղ երկնքի տակ քեզ լույս աշխարհ բերի:
Իսկ դու պայքարես ճանապարհդ պատվով անցնելու համար ու մի օր էլ կանգնես սահմանին, ազգիդ հավատը զգաս ուսերիդ:
Ոչինչ չընկճի քեզ:
Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր:
»

Комментариев нет:

Отправить комментарий