вторник, 14 августа 2012 г.

… Ու եթե ատել՝ ատել միայն ատելությունը





Քաղաքը փոքրանալով դառնում է անէ մեկի ոտնահետք: Ապրած օրերի պողոտայով քայլում է սառած ոսկրակույտ… ու շնչահեղձ է լինում նա… շատ թթվածնից, ամեն ինչի լճացումից:
Ամենը ինչ-որ հորինված երկուսի համար էր: Պետք չէր հավատալ, որ այստեղ կարող են երկուսը լինել: Երկրորդը միշտ մեկն է, ով օգնում է քայլել, նա չէ, ով դառնում է ոտնահետք:
Տիեզերքի ո՞ր  ԱՆանկյունում մնաց ներումը… թողությունը:
 Մոռանալով տիեզերքի անեզրության բոլոր տեսությունները՝ տիեզերք գտավ մի զույգ պարզ, մարդկային աչքերում:
Տիեզերքից երկնաքարերի տարափ սկսվեց:
Բաժանումի ակոսներ արարվեցին:
Մենք դադարեցինք սերը մատներով ուտել ու հիմա, հուսահատություն անունով ինչ-որ երիզորդ կրծում է ինչ-որ մեկի ստամոքսը:
Երջանկությանը բանտել էին ինչ-որ դեպքերի ու դեմքերի, գոյերի մեջ: Ու մի օր նա վճռեց պայթել… երկու զույգ աչքերից ցավահամ արցունքներ եկան, որոնք երջանկությանը ազատություն ընծայեցին՝ թողնելով նրան լինել ամենուր ու ամենում:
Ասա «ամեն» երջանկությանը:
Հրաշքը ծնվեց ճիշտ ժամանակին, երբ նա իրեն փորձում էր համոզել, որ հրաշքները մնացել են ա՛յն Ձմեռ Պապիկի պարկում, ով նեղացել է աշխարհից ու էլ չի գալու:
Հենց այդպես են գալիս հրաշքները:
Ամբողջ մարմինդ աղաղակում է նրա գալուստը:
Իսկ դու շփոթված ինչ-որ բան ես փնտրում… մինչև…
Մինչև հիմա հավատում եմ հրաշքներին, նույնիսկ հիմա, երբ խնջույքը կարծես ավարտվել է, լույսերը մարել են, ու բոլորը գնացել են քնելու…
Չգիտեմ՝ ով է ասել, որ հավատամ: Երևի այն գարունը, որ այդպես էլ չապրեցինք, կամ այն գարունը, որ սպասում է մեզ:
Լավատես լինելը միշտ  գերադասելի է, նույնիսկ եթե քո դդումն այդպես էլ կառք չդառնա.. գոնե վերջում քեզ չես մեղադրի, որ չհավատացիր, այդ պատճառով այդպես եղավ:
Եղավ, քանզի գուցե քեզ կառք պետք չէ, որովհոտև դու ամենևին էլ մոխրոտը չես.. գուցե դու այն ջրահարսն ես, ով պիտի փրկի իր արքայազնին… ախ, դու վախենում ես փրփուր դառնալ…
Իսկ ի՞նչ կասես յոթ թզուկների հետ ապրելու մասին…
 Այդ աշնանը դու շատ էիր սպասել:
Աղոթքներդ մի բույրի կարիք ունեին: Առողջություն բերած անձրևների բույր:
Գուցե ողջություն առնելը եղավ լուռ ու աննկատ, ինչպես գալիս են հրաշքները:
Որքան բան մենք չենք նկատում:
Անձրևների հետ եկան կորուստներ, ու կորստյան վախերը ցամաքեցին ջրափոսերի հետ…
Բնությունը ճերմակի սպասման մեջ արևոտվում էր:
Դու արևների մեջ սպասում էիր Նրա Կամքին:
Դու խեղդում ես ցավը, դու դատապարտում ես հույսին բռնաբարողին ցմահ:
… ու քաղաքը դառնում է քարե մի բուրվառ, որում ծխում է մայրամուտագույն խաղաղություն:
Ամեն ակնթարթիցդ սեր է ծորում, որ աշխարհը սիրով վարակվի:
                                                          
                                                                     ***
Թափանցիկ պատերով համեստ թեյարան: Երկու բաժակ դեղձահամ թեյ: Դրսում գիշեր՝ ձմեռաբույր կապույտով… ու շատ ձյուն՝ լուսամփոփների հետ մերթ դեղնող, մերթ շողարձակող:
Աչքերի անտակ տխրության անվերջ որոնումներ: Գուցե այդպես էլ չգա ու երկու բաժակ թեյն էլ դու խմես, որ երբ դուրս գաս չմրսես, ձմեռն իրենը չանի:
Ամռանն էլ կարելի է մրսել, երբ մի զույգ ձեռքերի տասը մատների ջերմության բացակայություն կա:
Ամբողջ մարմնով ընկղմվում ես մի շարֆի մեջ, որը քոնը չէ և նրանն էլ չլինի գուցե…
Թող շարֆը փաթաթվի բոլոր լուսե-սիրաթաթախ հիշողությունների պարանոցին, որպեսզի ոչ ժամանակը, ոչ տարածությունը և ոչ էլ ամառը չսառեցնի  նրանց:
«Երանի այս ձյունը զորություն ունենար մաքրելու բոլոր մեղքերը, որ գործվել են Սիրո դեմ»:
Թող ապաշխարանքի ու ներումի, խաղաղության ապրած-չապրած եղանակ գա քո քաղաքում, թող մրսելը միայն ձմեռվանից լինի, թող մենություն բառը… չլինի մենություն բառը:
Թող հրաշքները համբուրեն մեզ, ու մենք սովորենք տիեզերքը չտեղավորել մեկի աչքերում, որ երբ այդ մեկը որոշի քնել, խուճապի չմատնվենք:
Ուզում եմ սիրուց ցավեն մարդիկ:
Ցավի չափ սեր լինի…
Ամանորին դու որոշել էիր քեզ հետ կապված ոչ մի երազանք չպահել. վերջիվերջո երազանքները պահելու համար չեն, երազանքը պետք է աղաղակել:
Ես աղաղակում եմ երազանքս. ուզում եմ սեր լինի:
Ես սեր եմ աղաղակելու, արի միասին:
                                                                                         2011թվական: Դեկտեմբեր:
                                                           Հ.Գ.- Նվիրվում է բոլոր լավատեսներին ու նրանց,
                                                                      ովքեր պայքարել են սիրո համար:

Լուսանկարը՝ http://www.facebook.com/non.rockrevolution

1 комментарий: