воскресенье, 19 августа 2012 г.

Աղոթք, որը ես մոռացել էի

Մի քանի ամիս առաջ, երբ հերթական անգամ փորփրում էի  Պաուլո Կոելյոյի բլոգը՝ որևէ հետաքրքիր բան գտնելու ակնկալիքով, գտա այս աղոթքը: Շատ հավանեցի ու որոշեցի թարգմանել ինքս ինձ համար: Այն ժամանակ «Երկնքոտ Երիցուկներ»-ը դեռ չէր ծնվել: Իսկ հիմա նա կա, ու ցանկանում եմ հենց նրա շրջանակներում տարածել այն, ինչն ինձ այդքան գրավել էր: Հուսով եմ, որ դու էլ աղոթքի մեջ կգտնես հարազատության այն թրթիռները, որոնք  համայն մարդկությանը  կապում են միմյանց:
Բարի ընթերցում:

                                                                    ***

Մի օր, երբ ես քայլում էի Սան Պաուլոյի փողոցներից մեկով, ընկերս՝ Էդժինսոնը, մոտենալով ինձ, փոխանցեց մի բրոշյուր՝ «Սրբազան ակնթարթ» խորագրով:
Բրոշյուրը տպագրված էր 4 գույներով, հրաշալի թղթի վրա, առանց որևէ կրոնական կազմակերպության հիշատակման: Բրոշյուրի հակառակ կողմում  աղոթք էր 
միայն
Պատկերացրեք, թե որքան մեծ եղավ զարմանքս, երբ տեսա աղոթքի հեղինակի անունը…
Աղոթքն առաջին անգամ տպագրվել էր 80-ականների սկզբին, բանաստեղծությունների  գրքի կազմի  ներսում: Ես չէի կարծում, որ այն կհաղթահարեր ժամանակի փորձությունը և ինձ մոտ կվերադառնար այդքան խորհրդավոր ձևով: Երբ  այն վերընթերցեցի, ամոթ չզգացի նրա համար, ինչ գրել էի:
Եվ քանի որ այն հայտնվել էր բրոշյուրում, ու ես էլ հավատում եմ նախանշաններին, կարծում եմ, ճիշտ կլինի այն նորից ներկայացնել: Հույս ունեմ, որ այն կխրախուսի յուրաքանչյուր ընթերցողի գրել իր սեփական աղոթքը՝ խնդրելով իր և մյուսների համար այն, ինչն իր կարծիքով ամենակարևորն է: Ահա աղոթքը.

« Տե՛ր, պաշտպանիր մեր կասկածները, որովհետև կասկածը միջոց է, որով մենք աղոթում ենք: Կասկածն է, որ ստիպում է մեզ աճել. այն ստիպում է մեզ անվախորեն նայել մեկ հարցում առկա շատ պատասխանների:
… և թող դա հնարավոր լինի:
Տե՛ր, պաշտպանիր մեր որոշումները, որովհետև որոշում կայացնելը միջոց է, որով մենք աղոթում ենք: Տուր մեզ քաջություն մեր կասկածներից հետո ի վիճակի լինել ընտրություն կատարելու երկու ճանապարհների միջև: Թող մեր «այո»-ն միշտ լինի այո, և մեր  «ոչ»-ը ՝ միշտ ոչ: Երբ մենք ընտրում ենք ճանապարհը, թող երբեք հետ չնայենք, ու մեր հոգիները չտանջվեն խղճի խայթից:
… և թող դա հնարավոր լինի:
Տե՛ր, պաշտպանիր մեր գործողությունները, որովհետև գործողությունը միջոց է,
որով մենք աղոթում ենք: Թող մեր հանապազօրյա հացը լինի ա՛յն լավագույնի արդյունքը, որը մենք կրում ենք մեր մեջ: Թող աշխատանքի ու գործողության միջոցով տարածենք մի քիչ ա՛յն
սիրուց, որը ստանում ենք:
… և թող դա հնարավոր լինի:
Տե՛ր, պաշտպանիր մեր երազանքները, որովհետև երազանքը միջոց է, որով մենք աղոթում ենք: Տուր մեզ վստահություն, որ անկախ մեր տարիքից ու կարգավիճակից՝ մենք ունակ ենք պահելու մեր սրտի լույսը, հույսի ու հաստատակամության շողարձակող լույսը:
… և թող դա հնարավոր լինի:
Տե՛ր, պաշտպանիր մեր խանդավառությունը, որովհետև խանդավառությունը միջոց է, որով մենք աղոթում ենք: Դա այն է, ինչը մեզ կապում է Երկնքին ու Երկրին, հասունացնում  երեխաներին, ու մեզ համոզում, որ մեր ցանկությունները կարևոր են ու մեր մեծագույն ջանքերի կարիքն ունեն: Խանդավառությունն է հաստատում, որ ամեն ինչ հնարավոր է, քանի դեռ մենք հավատարիմ ենք նրան, ինչ անում ենք:
… և թող դա հնարավոր լինի:

Տե՛ր, պաշտպանիր մեզ, քանի որ կյանքը այն միակ միջոցն է, որ մենք ունենք՝ ապացուցելու Քո Հրաշքը: Թող Երկրի տեսքը  շարունակվի փոխվել ցորենի հասունացող դաշտերով, թող մենք շարունակենք ցորենը հացի վերածել: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք Սեր ունենք, ուստի մի թող մեզ մենակության մեջ:  Տուր մեզ Քո և ա՛յն տղամարդկանց ու կանանց ընկերակցությունը, ովքեր ունեն կասկածներ ու 
խանդավաոություն,  ովքեր որոշում, գործում ու երազում են և յուրաքանչյուր օր ապրում են այնպես, որ այն ամբողջովին ուղված լինի Քո Փառքին:
 Ամեն: 

Комментариев нет:

Отправить комментарий