суббота, 30 июня 2012 г.

Տրորված երիցուկների փողոցով դեպի Սեր

րանք կեռասնե՞ր են: 
- Չէ, բալեր են:
Խաղաղության անվերջ որոնումներ... Մարդկային ամբոխ... Փողոցային շներն այս ու այն կողմ են անում տրորված երիցուկների փողոցով... Ամենուր մարդիկ՝ չար ու անհեթեթ... Նրանք ուզում են խոցել ինձ... Ուզում են պատերազմել... Ուզում են տրորել ինձ ու տեսնել վերքոտ ու ընկած, ինչպես այն փողոցային շունը, որը հենց նոր ընկավ մեքենայի տակ... նրա աչքերն արտացոլում են տրորված երիցուկներն ու... մայրամուտ: Ամպերի կույտերը բալերով են ներկվել... Հեռվում նշմարվում է աղոթող եկեղեցին... Ու մարդիկ, որոնցից ես վախենում եմ... Շունը փակում է աչքերը... Վերջացավ: Կյանքը լռեց: Հացի, օթևանի խնդիրներ չկան: Նրա վերքերից արյունը տարածվում է փողոցի երկայնքով ու գրկում ոտքերս... Նա գնաց: Իսկ մեքենայի վարորդը չցավեց... Նրա ականջներում արձագանքում է շան վերջին ցավագար ճիչը... բայց նա չի ցավում. չէ՞ որ շունն էր մեղավոր ( ըստ իրեն): Կուտակել, բարդել, ամեն ինչ դիզել ուրիշների վրա... Որպեսզի խիղճը չբարդվի քեզ վրա...............................
 Մեղուների խելագար պարսը պտտվում է բալենու շուրջն ու կծոտում հասած բալերի դիմագծերը... Բալերը խայթվում են, իսկ ոտքերիս կպչում են մեռած երիցուկներ... բալ եմ ուզում ուտել: Երկինքը շուտով կերեկոյանա... Ես վախենում եմ մարդկանցից: Նրանք բոլորն ինձ ցավեցնում են... խեղդում: Իսկ ես ուզում եմ ժպտալ... որ բոլորը տեսնեն հոգիս: Բայց վախենում եմ: Մարդիկ չգիտեն ժպիտի լեզուն: Նրանք սովոր են ժպիտների տակ բաներ տեսնել..... վատ բաներ:
Մեքենայի ազդանշանը խլացնում է... Նրա լույսն ակնթարթորեն կուրացնում է աչքերս... Ու ընկնում եմ շան կողքին: Առաջին աստղերը շատախոսում են երկնքում: Մարդիկ չեն երևում. ինչ-որ թափանցիկություն է իջել փողոցի վրա...
 Երիցուկների բույր ու եղեռնված բալեր օդում կախված... Հեռվում՝ եկեղեցին: Ես քայլում եմ դեպի այն, ու տարօրինակ թեթևությունը ստիպում է հետ շրջվել...Մարմինս: Ջախջախված ու անճանաչելի: Ես՝ թափանցիկ ու լուսավոր:
Մեքենաները կրկին ուզում ինձ հարվածել...բայց էլ չեմ ընկնում: Անկանոն հաչոցներ: Ես պտտվում եմ. այդ նա է:
- Գնանք, մենք դեռ երկար ճանապարհ ունենք,- ապշում եմ: Մի՞թե շները խոսել գիտեն:
- Գիտեմ,- մտքերս կարդում է նա,- այս աշխարհում ամեն ինչ իր լեզուն ունի, պարզապես մարդկային զգայարաններն անհաղորդ են դրան:
- Ու՞ր ենք գնում,- հարցրի ես մեքենայաբար:
- Մենք ոչ մի տեղ գնալ չենք կարող. մենք տարվում ենք: Մեքենայի տակ ընկնելը նույնպես կախված չէր մեզնից:
- Իսկ դու երջանի՞կ ես:
- Իհարկե:
-Իսկ երջանի՞կ էիր երկրի վրա:
-Այնքան, որքան դու:
- Իսկ դու փնտրու՞մ էիր խաղաղությունը:
- Ես այն գտել էի: Այն իմ մեջ էր:

- Մի՞թե:
- Անկասկած:
- Իսկ ինչպիսի՞ն էր այն:
- Ոչպիսին: Երբևէ նայե՞լ ես հղի կնոջ, նրա ձեռքը բռնած նրա ամուսնուն, կարդացե՞լ ես նրանց հայացքներում սեր: Սեր... բայց ոչ այն, որ նրանք զգում են միմյանց նկատմամբ, այլ այն որ ասես երկնքից է ծորացել... Տեսե՞լ ես՝ ինչպես են նրանց գլխավերևում թևավոր երեխաներ  ցատկոտում ու քրքջում: Երեխաները... Նրանք մարմանավորված խաղաղություն են:
 - Դու սիրու՞մ ես երիցուկներ:
- Ես ամեն ինչ եմ սիրում:
- Այդ ինչպե՞ս:
- Ես սեր եմ:
-Իսկ ես՝ անպետքի մեկը:
- Դու նույնպես սեր ես:
- Ինչպե՞ս: Ախր ես տրորված եմ, վերքոտ... ինչպես այն երիցուկները:
- Երիցուկների ճանապարհն էր դա. տրորվել ու լռել... իսկ դու կաս... ինձ հետ ես...
-Ես արժանի չեմ սեր սեր լինելուն...
Իսկ չար մարդիկ նու՞յնպես սեր են: Ես վախենում եմ նրանցից...
- Քո արժանանալը դու չես որոշում: Չար ու բարի մարդիկ չկան: Պարզապես կան մարդիկ, որոնք փակել են լույսի մուտքը դեպի իրենց սիրտը:
- Բայց ես չեմ ուզում նրանց այդպիսին տեսնել...
- Ուրեմն սեր եղիր: Շաաաատ սեր...
- Ու՞ր ենք մենք գնում...
- Այնտեղ, ուր մեզ սպասում է Սերը.............................
                                                                                                               15.06.2011թ

пятница, 15 июня 2012 г.

Երջանկության զարկերակ

  ... Երեկներում թողնելով չձյունված ձմեռները՝  հուսահատության նկուղում բանտված իմ հոգուն գարունը ամառում նվիրում է ինձ ջերմացնող ազատությունն ու նոր ծաղկունք...
 Քանի անարև ցերերկներ իրենց անհաշվելիությամբ աստղ դարձան երկնքում ու հիշողությանս անտառում ծառացան... ու կացիններ չունեմ դրանց դեմ... իմը անզեն խաղաղությունն է... Աչքերդ լուսաբացով բացիր... օր է ծնվում քո աչքերում՝ անձմեռ ու արևով լցված... Սթափված ու մաքրված անհույսից՝ գալիս եմ քեզ մոտ՝ ապրելու օրում շնչող հավերժը և հավերժի գրկում օրորվող մեր օրը...
 Ես մարմինս հեռու հեռուներից, ձմեռ օրերից բերում եմ քեզ... Իսկ հոգիս... նա երբեք էլ չի հեռացել քեզնից... Կիսել է քեզ հետ քո՛ անձմեռ ցուրտը, անարև ցերեկները՝ սիրուդ պատկանող... Ու շնչել է քեզ հետ հուսահատության ու հիասթափության նկուղների շնչահեղձ անող օդը... Ու եղել է նա քեզ հետ, երբ տխրությունը ստվերել է հոգիդ, կամ երբ չես կարողացել թաքցնել ժպիտդ...
  ...Դու իմ ժպտացող հեռու և իմ մոտ կանգնած արև... Հպվիր ինձ քո տաք մատներով ու ցույց տուր ինձ, որ օրը իրական է...
 Այն լուծվում է մեր աչքերում... Հետո կերերկոյանա... և կարոտից ու հեռավորությունից տանջվող մեր մարմիններից շշուկներ կլցվեն օդ... Իսկ հոգիներն այնքան մոտ...շղթայված ազատությանը...
 Անհաշվելի հակասություններից է ծնվում ջերմը...Էներգիան... Այն մեծը... այն վիթխարին, որ պտտեցնում է մոլորակն ու  հոգիներ շղթայում միմյանց... Արևներ վառում այնտեղ, ուր ցուրտ ունայնությունից փայտանում են հոգու՝ արարելու ունակ մատները... Կյանքն ինձ համար գուցե դաշնամուրի ստեղների նման... Իսկ դու մի գունեղ արև, ով ինձ շողեր պիտի ընծայի... հետո:
Արի մնանք ոտաբոբիկ ու զգանք աշխարհի զարկերակը մեր ոտքերով... Այնտեղ, ուր սկյուռերն ապրում են կյանքն իրենց կաղինոտ, արի ներկենք մեր օրը... երջանկության գունապնակով ցողենք այն... ծիածանենք արևով...
 Բոլոր դառնությունները մնում են երեկներում, երբ աչքերումդ տեսնում եմ այն թխվածքի արտացոլանքը, որը գուցե համեղ չէ բնավ և ոչ էլ քաղցր... բայց այն ծնվել է օրում և օրվա պես քաղցրացնելու է  հիշողությանս երեկային դառնահամը... Ու չեմ ափսոսում ներկաս մսխել՝ կրկին ու կրկին հիշելով արդեն անցյալում շնչող օրը... Մի կյանք արժեցող ու ձգված օրը... Երբ վախենում էի սայթաքելուց, բայց ավելի շատ վախենում էի  քո սայթաքումից... Ու երկուսիս գլուխներն էլ հպվում էին երկնքին... մենք իմ աչքերում պատկերանում էինք իբրև արևածաղիկներ... Միշտ դեպի արևը... Միայն մեզ համար սահմանված արևաբաժին ու անսահման երկինք երջանկություն նկարելու համար...
 Շոկոլադագույն հողի վրա, որտեղ թափված կաղինները մրջյուններին լեռներ են թվում, և որտեղ նրանք աշխատելով շնչում են բավարարվածության ու կյանքի իմաստի բույրը, մեզ համար ժամանակը կանգ է առնում... Դե՛ն նետիր բոլոր ժամացույցները ու տե՛ս, որ կյանքը  լուսաբացոտ է... Նվիրիր ինձ խաղաղություն... Տեսնու՞մ ես ինչպես են արևի ամենահամարձակ շողերը ճեղքում կաղնիների կորանախշ տերևներն ու հպվում մեզ... կարծես կրկնելով, որ մանրուքները նկատելով ու գնահատելով ենք երջանկությանը ծնունդ տալիս... Ու մանկությունն այնքան մոտ մեր օրվան... Երիցուկահոտ ու հիվանդ մանկությունս քո երեսառած մանկության կողքին... Իմ ցավաշունչ  ու կեղտոտ ապրածը քո հպարտության կողքին... ժպտացող դեմքս քո լուսե աչքերի կողքին... հիմա: Առանց վաղվա ծրագրերի, որոնք պիտի մարմին ստանան... եթե շատ ուզենք...
 ... Ամառում ծնված ու ապրած, հազար ցավեր ու հիասթափությունների պողոտաներով քայլած, ազատությունում բանտված ու իր մեջ վիթխարին կրող իմ անմարմին սեր... Նվիրի ինձ քաղցրահամ անձրևների աշունը... Միայն ուրախությունից ծորած արցունքներ... Խաղաղության գիտակցումից սերած ստամոքսացավ... Արի աշնանը, երբ կաղնիները արևագույն կդառնան, սկյուռերն ու մրջյունները կպատրաստվեն ձմռանը, և ամառը կմնա այսօրում բացենք մեր աչքերը, ու թող դրանց մեջ ծնվի օրը... Երեկներում վանդակենք անձյուն ձմեռները ու սպասենք ամանօրյամ հրաշքին...
 Դե՛ն նետիր բոլոր ժամացուցներն ու կյանքի սլաքը կանգնեցրու երջանկության զարկերակին...
   Հ.Գ.- Մոտ մեկ տարվա հնություն ունեցող գրառում: Նվիրում եմ ինձ սեր նվիրողին:                                                                                                                              

Վրձինոտ օրերից...


  Հորիզոնում, աղջամուղջված քաղաքի գլխին, մայրամուտը վարդագույն է ծխում... Լուսամփոփների դեղին տենդում սառում է օրը... Ու խաշամի մեջ անցած աշուն օրերի արևն է նշմարվում... Մթնշաղի անարևը կարմիր է ցայտում այտերիդ, քթիդ, մատներիդ. Հոգումդ՝ անշիջելի բուխարի... Ու ձմռան բույրը, պոկվելով բարդիների դեղին կատարներից, գրկում է հոտոտելիքդ... Ամեն անցնող արևի հետ աշունը լքում է՝ թողնելով գույների կաթիլներ մոխրագույն քաղաքի վրա... Իսկ դու միշտ քայլում ես այնտեղ, ուր պատերը թափանցիկ են, և որոնցով անտառը անարգել ներս է մտնում... Դու, օրվա աղմուկներից ուժաապառ, քո մի ափ լռությունն ես որոնում վրձինների, կտավների մեջ... սրճեփում այրվող սուրճից պոկված բույրի մեջ... Քո տան  միջից միշտ սիրո տեղատարափի բույր է գալիս... անձրևներ, որոնք քո տան հատակին ջրափոսներ են ուրվագծում,և դու հենց դրանում ես թաթախում թիվ ու չափս չունեցող վրձիններդ ու փորձում վրձնել քո տեսած այն արևը, որ կարմրել էր մի բաղեղի մեջ, որի վրա քաղաքի փոշին էր... այն քաղաքի, որին հյուսված ես մարմնով, ապրումներով, սերերով, լուսաբացի սպասումներով, բայց ոչ երբեք հոգով... հոգիդ միշտ ներկոտված վրձինների մազիկների մեջ է, որտեղից դիտում ես անտառը ՝միշտ լուռ, միշտ խաղաղակիր... Հեռու կերպերից, կանոներից, ընդունվածից... ճշտերից... քո հոգին այն տանն է, որն ավելի մոտ է երկնքին, որից դու ստանում ես քո միակ կենսապահանջը՝ խաղաղությունը... Ներկոտված մատներով, չհարդարված մազերով քնում ես բազմոցին, հետզհետե քնի մեջ ծավալվող հայացքդ դեպի պատ-լուսամուտները, որոնք ասես շրջանակ լինեն երկնքի աստղանկար անեզրության համար...Դու ննջում ես, ու երազում տեսնում այն օրերը, երբ դեռ չէիր լսում ներշնչանքի ձայնը, իսկ նա չեր դադարում թելադրել... մինչ արևի հետ դու մեծացար ու գտար Սերը... Դու ննջում ես...որ լուսաբացին արթնանալով՝ աշնան մի նոր արև տեսնես ու հենց այդ արևում գտնես քո օրվա ալելուլիան... ու օրվա հետ ծնվելով՝ հասկանաս, որ միակ բանը, ինչի կարիքը ունես Սերն է՝ առանց որևէ պատկանելիության... և որ դու որևէ մեկին պատկանել չես  կարող... և ոչ ոք չի կարող... Քանզի քո նկարները քեզ են պատկանում քո և միայն քո կողմից ստեղծված լինելու պատճառով... Իսկ դու էլ միայն մեկի ստեղծագործությունն ես... Երեկ վրձնածդ լուսաբացը դու սիրում ես, անկախ նրանից, որ այդպես էլ չկարողացար ստանալ քո ուզած երանգը... Դու սիրում ես... Կա մեկը, ով քեզ սիրում է անկախ երանգիցդ... անկախ արժանիքներիցդ, անկախ արժեքներիցդ... ու այդ սերն է, որ ամեն անգամ , երբ զգում ես երականերումդ, էլ չես վախենում նայել առաջ, քայլել անհանգստությունների բավիղներում. դու ընդմիշտ բռնել ես Սիրո Ձեռքը... օրհնում ես օրը ու վայելում այն, ինչն այդքան շռայլորեն ծորացել է ուղիղ քո կյանքի մեջ... Քո այսօրում...


Հ. Գ.- Ամենասիրելի ստեղծագործությունը, որ երբևէ գրել եմ:









Ողջույն:


   
Ամենայն հավանականությամբ տողերիս խորքում մի հետաքրքիր, քո մի մասնիկն իր մեջ կրող միտք ու հույզ ես փնտրում, որը քեզ կստիպի բլոգների մերօրյա բազմազանության ու առատության մեջ բացել հենց այս բլոգն ու ընթերցել:                                                                                        Երկար ժամանակ է, ինչ ուզում էի իմ սեփական բլոգն ունենալ, սակայն միայն վերջերս զգացի, որ պահը հասունացել է: Ընդունելության քննությունների թոհուբոհում, զբաղվածության ծայրաստիճան լարման տակ որոշեցի ստեղծել մի անկյուն, որտեղից մարդիկ կարող են երկնքոտ երիցուկներ հավաքել:
  « ...Ամենուր, ամեն մեկի մեջ մենք մի ափ սեր ենք որոնում: Բոլորս: Նախքան մեր մարմին առնելը մենք ապրում ենք երկնքում՝ Սիրո հետ և Սիրո մեջ... Երիցուկի դաշտերն են, որտեղ բոլորը Սիրո տավիղահարներ են... հետո գալիս ենք աշխարհ, քանզի աշխարհը մեր կարիքն ունի, և մենք առաքելություն ունենք կատարելու: Մեր հոգիները պոկվում են սիրուց, ահա թե ինչու երեխան ծնվելուց անմիջապես հետո լալիս է. պոկվելու ցավն է:
Եվ այդ ականթարթից սկսած՝ մենք փնտրում ենք այն սերը, որն ունեինք... Առաջինը այն գտնում ենք մայրիկի ջերմ գրկում, հետո՝ մյուսների մեջ...
Ամեն ինչի մեջ սիրո հատիկ կա... բոլոր մարդկանց մեջ... անհրաժեշտ է գտնել այն, ջրել ու խնամել, որպեսզի հետո ճաշակել դրա պտուղները՝ երջանկություն, խաղաղություն, լույս ու ժպիտներ...»:
Սա փոքրիկ հատված էր իմ մտորումներից, ապրելակերպից... իմ Տանից...
 
Երիցուկը ինձ համար պարզապես ծաղիկ չէ. այն ինձ համար երկնային խաղաղություն է, Սիրո նամակատար...Բոլոր նամակները, որ ստանում եմ նրանից կփորձեմ կիսել քո հետ:)
 
Բլոգումս կգտնես իմ ստեղծագործություններիցորոնք տարբեր ժամանակներում եմ գրել, թարգմանություններ, որոնք մեծ սիրով ինքս թարգմանել եմ... Նաև վերլուծություններ ու մտորումներ:
Առայժմ միայն անունս կցանկանայի նշել՝ Անժելա:) Վերջերս երբ հրեշտակների մասին նյութ էի պատրաստում, հասկացա, որ անվանս մեջ է կյանքիս գաղտնագիրը: Բացահայտում էր:)
Մենք միասին նոր բացահայտումներ կանենք. այնպես, որ դու չափսոսես քո ժամանակն անցկացնել իմ բլոգում:  Եվ կփորձենք բավարարել բոլոր մարդկանց ամենամեծ պահանջմունք՝ Սերը: Սիրաթաթախ ընթերցում եմ մաղթում: Մինչ հանդիպում: