четверг, 23 августа 2012 г.

Ինչ-որ մեկի ճանապարհից

Այն, ինչ հիմա կկարդաք, ես չեմ գրել:
Գրել է մեկը, ով ինձ հետ է մեծացել... Մենք մի արևով ենք սնվել:
Լինում են պահեր, երբ լսելով ու կարդալով ուրիշի մտքերը, թվում է՝ քոնն են...
Քո մատներով են ստեղծվել:
Բայց ոչ:
Պարզապես աշխարհում կան անանց զգացմունքներ, հարազատության թրթիռներ, ու հոգեղեն մտքեր, որ բոլորինն են:
Քույրս, թող Աստված օրհնի ճանապարհդ:
 Միշտ այդքան արև մնա:

                                                                             ***

Չկան բացառություններ…
Չի գտնվի մեկը որը կկարողանա ասել՝ << Ես չունեմ դժվարություններ>>:  Դա ուղղակի կլինի ամենապարզ սուտը, որ կարող է մարդը հորինել, որպեսզի յուրահատուկ թվա դիմացինին:
Ես հայտարարում եմ, որ տասնվեց տարի չեմ ապրել,  չեմ զգացել և չեմ տեսել կորուստ, սրտի ցավ և այնպիսի զգացում, որից ականջներդ չեն լսում, կոկորդդ թուք կուլ չի տալիս, լացից ամբողջ հոգիդ ցավում է, և այդ ցավից ձայն չես կարողանում հանել:
Եվ  ահա նրանց սկիզբը, բայց ես բնավ չեմ վախենում, քանզի ինքս եմ խնդրել Աստծուց…
Նրանց սկիզբը անասելի սարսափելի էր. ես կորցրի շատ սիրելի տատիկիս, ում բացակայոթյունը շատերին է ցավ պատճառում. ես չեմ կարողանում հաշտվել նրա ժպիտի, բարի խորհուրդների և կարեկցանքի բացակայությանը: Դա շատ դժվար է, սակայն հաճախ եմ երկնքին նայում և գտնում նրան…Նա նորից շոյում է իմ գլուխը, այս անգամ այլ ձևով…
Այդ ցավը ստեղծեց մեկ այլ դժվարություն. ես վախենում եմ սրտանց գրկել մայրիկիս, վախենում եմ նրան ցավ պատճառել, հիշեցնել նրան մի կորուստի մասին, որը կտխրեցնի նրան նորից:
Դրանից միշտ կոկորդս ցավում է…
Մեկ դժվարություն ևս, որն էլ ստիպեց հասկանալ, որ մեծացել եմ և ինձ դեռ շատերն  են սպասվում:
Ամռան առաջին ամիսներից սկսած՝ վախենում էի կորցնել մեկի լուսավոր ներկայությունը:
Այդպես էլ եղավ:
Մեկ տարվա ընթացքում ես հասցրեցի նրան շատ սիրել, և նա դարձավ ինձ ժպիտ պարգևող մարդկանցից մեկը… Բայց նա այլևս ինձ այդքան մոտ չի լինելու և ինձ չի բավելու նրա ներկայությունից ստացած ժպիտը: Դա էլ է ինձ համար կոչվում կորուստ:
Բայց Աստված ինձ շնորհել է լավատեսություն, որից երբեմն այնքան շատ եմ ուզում ազատվել, թուլանալ և ուղղակի  լաց լինել փոքրիկ աղջնակի նման… Չէ որ ես փոքրիկ աղջիկ եմ:
Այնուամենայնիվ այդ լավատեսությունն է, որ օգնում է շուտ ազատվել ցավից:
Շնորհակալ եմ, Տե՛ր, որ նվիրել ես դա:
Աստված ինձ 16 տարի պաշտպանել է ցավից, հեռու պահել փշոտ ճանապարհից, և ահա, ասում եմ, որ պատրաստ եմ նրանց դիմավորելու, նրանց պատճառով տանջվելու և ճիշտ ժամանակին ազատվելու նրանցից:
Աստծո օրհնությունն ինձ հետ…
Ես պատրաստ եմ:

                                                                                               Հ. Գ.- Ու շարունակում եմ սիրել ինձ շրջապատողներին՝ հեռու… թե մոտ: Հիշում եմ նրանց հետ ապրած ամեն վայրկյանը և շարունակում լինել լավատես:
Այսօր խոստանում եմ պատվով անցնել ինձ համար նախատեսված ճանհապարհը:

1 комментарий: