воскресенье, 26 августа 2012 г.

Հավատում եմ քեզ, զինվո՛ր

Այն, ինչ հիմա կարդալու եք, գրել եմ մոտ 2 տարի առաջ:
Սա իմ միակ ստեղծագործությունն է, որը կարդալիս չեմ ուզում որևէ բան փոխել:
Այստեղ գրված ամեն բառը ծնվել է իմ հոգում՝ Հոգուց:
Երբ սա գրում էի, ես պատկերացում անգամ չունեի՝ իրականում ինչ է նշանակում  զինվոր լինել (բառիս բուն իմաստով), ու զինվոր ունենալ...
Իմ կյանքում զինվոր չկար:
Ես չգիտեի՝ ինչ է նշանակում հեռավորություն կտրել՝ զինվոր տեսնելու համար...
... ինչ է նշանակում նրան գրկելիս խեղդվել արցունքի ուրախության մեջ ու մոռանալ ներսումդ կուտակված այն կարոտը, որը բթացրել էր բոլոր զգայարաններդ...
Ես երբեք չէի զգացել այն ամբողջ հավատի խորությունը, երբ աղոթում ես Երկրի խաղաղության համար... Բոլոր զինվորների համար ու այդ բոլորի մեջ այն մեկի համար, ով քոնն է, քո զինվորն է... ու իր մայրիկի և քույրիկի խաղաղությունն ու ապահովությունը պաշտպանելու հետ մեկտեղ, պաշտպանում է նաև քոնը... քո ընտանիքինը:
Երկար չեմ ուզում խոսել, մանավանդ հիմա, երբ այնքան լիքն եմ իմ զինվորով, ու թվում է, թե ամեն գրածս բառի հետ դատարկվում ու կորցնում եմ նրա ուժ տվող ներկայույությունն իմ միջից:
Սա այն միակ ստեղծագործությունս է, որ ուզում եմ կարդան շատերը...
Բոլոր հայերը:
Երազանք:
Կարդացեք ու տարածեք սա, խնդրում եմ:
Աստված բոլոր զինվորների ու նրանց հավատով սպասողների հետ:
Ամեն:
                                                                           ***
… և ձեռքն անպատմելի նրբությամբ սահեց նրա որովայնի վրայով:
Մի կետում կանգ առավ:
Ահա այստեղ է բաբախում կյանքը:
Մի պահը տրվեց մտքերի հորձանքին, ապա լուսավառ մի միտք ժպիտ կաթեցրեց նրա խոհուն աչքերի մեջ. «Ամեն երեխայի հետ երկնքից լուր է գալիս, որ Աստված մեզ չի մոռացել…»:
Հուզմունքի ալեկոծումը զսպելով՝ փակեց աչքերը ու ձեռքը չհեռացրեց այնտեղից, որտեղից այդքան խոսուն էր կյանքը:
Սկսեց խոսել.
«Այն լուսաթաթախ ակնթարթով, որ ծնողներիդ անմեկնելի երջանկությամբ պիտի օծի, սկիզբ կառնի քո ոլորապտույտ ճանապարհը: Այն մշուշված կլինի թանձր անորոշությամբ ու հազարավոր անպատասխան հարցերով:
Միակ աջակիցդ կլինի բանականությունդ, որը, որպես անգնահատելի գանձ, պիտի ժառանգես երկնքից, որ արժանապատվորեն անցնես ճանապարհդ:
… Կգա մի ակնթարթ, երբ քո առաջ վեր կխոյանա մի բլրակ: Բլրակի հաղթահարումով կլցվես մի պարզ ճշմարտության գիտակցմամբ. մենք բոլորս մեր առաքելությամբ ենք գալիս աշխարհ:
Դու, խոհերիդ մեջ ընկղմվելով, կգտնես նպատակների մի կապոց, որը մշտավառ փարոսի նման կլուսավորի ճանապարհդ:
Երբեմն քո առաջ կակոսվեն անկամուրջ անդունդներ, որոնք քեզ անանցանելի կթվան: Այդ ժամանակ պարզապես փակիր աչքերդ ու զգա ա՛յն զորության ներկայությունը, որը քեզ առաքել է երկիր ու կանգնեցրել հենց այդ անդունդի առաջ, որ դրա հաղթահարումով թրծվես ու ճաշակես իմաստության լուսե նշխարներ:
Մենք զինվորներ ենք. ամեն ակնթարթ մենք պատերազմում ենք մեր ներքին հակասությունների, մեր սեփական արատների դեմ՝ մերթ կյանքի հետ, մերթ կյանքի դեմ:
Իսկ այս մարտում հաղթանակի բերկրանքը վայելում է միայն նա, ով չի վախենում պայքարելուց:
Քանզի ամեն ակնթարթը մի ճակատամարտ է հանուն արդարի, ազատության ու ճշմարտության… ու այս պայքարում անսխալականներ չկան:
Պարզապես սխալների վրա սովորել է պետք սովորել:
… որ կարողանաս դիմակայել հուսահատության կատաղի փոթորիկներին, չհասկացված լինելու ցավին, վշտի ալեկոծումներին ու…
Սիրով, հավատով զրահավորված՝ պիտի պատրաստ լինես հարկ եղած դեպքում նաև զենք վերցնել ձեռքդ ու աներկյուղ քայլել դեպի արյունիդ, հայրենի հողիդ քաղցով տառապող թշնամու երախը:
Որովհետև աշխարհում կան անանց արժեքներ, որոնց համար կատաղի պայքար տանելը, կյանք խլելն ու զոհվելը դեպի հավերժություն են տանում:
Դու ծնվելու ես մի երկրում, որը Եռաբլուր ունի…
ունի Ծիծեռնակաբերդ:
Բայց ունի նաև Մատենադարան ու Սուրբ Էջմիածին:
Մեր սահմաններն այժմ քաջերն են հսկում՝ կարոտ սրտերով, բայց աննկուն հոգով:
Նրանց մի ամբողջ ազգ է հավատում:
Նրանք կանգնած են այնտեղ, որ մայրդ խաղաղ երկնքի տակ քեզ լույս աշխարհ բերի:
Իսկ դու պայքարես ճանապարհդ պատվով անցնելու համար ու մի օր էլ կանգնես սահմանին, ազգիդ հավատը զգաս ուսերիդ:
Ոչինչ չընկճի քեզ:
Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր:
»

четверг, 23 августа 2012 г.

Ինչ-որ մեկի ճանապարհից

Այն, ինչ հիմա կկարդաք, ես չեմ գրել:
Գրել է մեկը, ով ինձ հետ է մեծացել... Մենք մի արևով ենք սնվել:
Լինում են պահեր, երբ լսելով ու կարդալով ուրիշի մտքերը, թվում է՝ քոնն են...
Քո մատներով են ստեղծվել:
Բայց ոչ:
Պարզապես աշխարհում կան անանց զգացմունքներ, հարազատության թրթիռներ, ու հոգեղեն մտքեր, որ բոլորինն են:
Քույրս, թող Աստված օրհնի ճանապարհդ:
 Միշտ այդքան արև մնա:

                                                                             ***

Չկան բացառություններ…
Չի գտնվի մեկը որը կկարողանա ասել՝ << Ես չունեմ դժվարություններ>>:  Դա ուղղակի կլինի ամենապարզ սուտը, որ կարող է մարդը հորինել, որպեսզի յուրահատուկ թվա դիմացինին:
Ես հայտարարում եմ, որ տասնվեց տարի չեմ ապրել,  չեմ զգացել և չեմ տեսել կորուստ, սրտի ցավ և այնպիսի զգացում, որից ականջներդ չեն լսում, կոկորդդ թուք կուլ չի տալիս, լացից ամբողջ հոգիդ ցավում է, և այդ ցավից ձայն չես կարողանում հանել:
Եվ  ահա նրանց սկիզբը, բայց ես բնավ չեմ վախենում, քանզի ինքս եմ խնդրել Աստծուց…
Նրանց սկիզբը անասելի սարսափելի էր. ես կորցրի շատ սիրելի տատիկիս, ում բացակայոթյունը շատերին է ցավ պատճառում. ես չեմ կարողանում հաշտվել նրա ժպիտի, բարի խորհուրդների և կարեկցանքի բացակայությանը: Դա շատ դժվար է, սակայն հաճախ եմ երկնքին նայում և գտնում նրան…Նա նորից շոյում է իմ գլուխը, այս անգամ այլ ձևով…
Այդ ցավը ստեղծեց մեկ այլ դժվարություն. ես վախենում եմ սրտանց գրկել մայրիկիս, վախենում եմ նրան ցավ պատճառել, հիշեցնել նրան մի կորուստի մասին, որը կտխրեցնի նրան նորից:
Դրանից միշտ կոկորդս ցավում է…
Մեկ դժվարություն ևս, որն էլ ստիպեց հասկանալ, որ մեծացել եմ և ինձ դեռ շատերն  են սպասվում:
Ամռան առաջին ամիսներից սկսած՝ վախենում էի կորցնել մեկի լուսավոր ներկայությունը:
Այդպես էլ եղավ:
Մեկ տարվա ընթացքում ես հասցրեցի նրան շատ սիրել, և նա դարձավ ինձ ժպիտ պարգևող մարդկանցից մեկը… Բայց նա այլևս ինձ այդքան մոտ չի լինելու և ինձ չի բավելու նրա ներկայությունից ստացած ժպիտը: Դա էլ է ինձ համար կոչվում կորուստ:
Բայց Աստված ինձ շնորհել է լավատեսություն, որից երբեմն այնքան շատ եմ ուզում ազատվել, թուլանալ և ուղղակի  լաց լինել փոքրիկ աղջնակի նման… Չէ որ ես փոքրիկ աղջիկ եմ:
Այնուամենայնիվ այդ լավատեսությունն է, որ օգնում է շուտ ազատվել ցավից:
Շնորհակալ եմ, Տե՛ր, որ նվիրել ես դա:
Աստված ինձ 16 տարի պաշտպանել է ցավից, հեռու պահել փշոտ ճանապարհից, և ահա, ասում եմ, որ պատրաստ եմ նրանց դիմավորելու, նրանց պատճառով տանջվելու և ճիշտ ժամանակին ազատվելու նրանցից:
Աստծո օրհնությունն ինձ հետ…
Ես պատրաստ եմ:

                                                                                               Հ. Գ.- Ու շարունակում եմ սիրել ինձ շրջապատողներին՝ հեռու… թե մոտ: Հիշում եմ նրանց հետ ապրած ամեն վայրկյանը և շարունակում լինել լավատես:
Այսօր խոստանում եմ պատվով անցնել ինձ համար նախատեսված ճանհապարհը:

среда, 22 августа 2012 г.

Մեզ միշտ մի ափ գարուն է պակասում


Լույս զավակներդ գնում են ձնծաղիկանալու մոխրագույն փողոցներին՝ որպես հույսի արևագալ, ամռան հոգեգալուստ… չմաշող կարմիր աշուն:
Առանց ձմեռների ձմեռ:
Ձմեռը մի կյանք էր, որը քեզ սովորեցրեց չմրսել, երբ ցուրտ է… ու արևներ փնտրել մոխիրներում կորած երկնքի մեջ…
… Գտնել դեղին սկավառակ, կնքել այն Արև անունով ու արևով:
Լռությամբ սպասել ձնծաղիկներին:


                                                           ***
Լուսապսակները ապաշխարությունից ու խաղաղությունից էին հյուսվում:
Իսկ Նա փորձում է Հույսի զանգակատներ հիմնել մեր՝ բարկությունից փլատակաված հոգիներում…

                                                           ***
Ու անէ կդառնա ամենը: Կլուծվի: Կփոշիանա անկարևորության մեջ:
… Ու ժամանակը կփորձի հանգստանալ:
Երեկը, հիման ու վաղը միասին սրճում են:
Երեկը չծաղկած ձնծաղիկների հեքիրաթն է ապրում:
Հիման լուռ ու չապրած կարոտներին է ունկնդիր:
Իսկ վաղը նոր արևագալ կպատմի նորածին ձնծաղինկերի մասին, որոն գալիս են մանուշակագունելու ակնթարթներ:
Սերածին ակնթարթներ:
Որտե՞ղ են երազանքները, ձուլվելով նպատակներին, մեռնում…

                                                           *** 
Երկնագույն ասֆալտների մեջ էր մկրտվում գարունը:
Երկինքը սեր էր մյուռոնել:
Անձրև:
Օդում՝ չապրած ջերմության շնչառություն:

                                                           ***
Ամեն տրորված ձնծաղիկի հետ մի երազանք էր չորացել գրքերի գրկում…
                                                           ***
…ու արևներ են քնում ծաղկած ծիրանենիների մեջ:
Մեղուները, արևով արբած, առավոտ են երգում:


 2012թ. Գարուն:

Աշխարհի մայրաքաղաքը (մաս 1)

Այսօրվա գրառումս նվիրված է մի քաղաքի, որի մասին որքան էլ խոսես, միևնույնն է, ասելիք կմնա: Ուստի այս գրառումը չի լինի միակը. կլինեն էլի մի քանիսը, որոնց միջոցով կփորձեմ տալ քաղաքի ամբողջական պատկերը:
Չեմ կարողանում հստակ մտաբերել այն ժամանակահատվածը, երբ աշխարհի մայրաքաղաքում ապրելն ու գործունեություն ծավալելը դարձավ ոչ միայն իմ նվիրական երազանքը, այլ նաև իմ առաջնային նպատակներից մեկը:
Իսկ նպատակիս հասնելու առաջին և կարևորագույն քայլն եմ համարում քաղաքն ամբողջությամբ  ուսումնասիրելը, նրա բարքերին ու սովորույթներին  ծանոթ լինելը:
Մաղթում եմ բարի ընթերցում:

                                                                     ***


Քաղաքի ներկայիս տարածքում, նախքան Եվրոպացիների մուտք գործելը, ապրում էին
հնդկական
   Մանահատոու և Կանարսի ցեղախմբերը: Վարկած կա, որ մարդն այս տարածք առաջին անգամ ոտք է դրել ավելի քան 10 հազար տարի առաջ:
1626
թվականին հոլանդացիները մուտք գործեցին այս երկրամաս՝ անվանելով այն «Նոր Ամստերդամ»: Իսկ ահա 1664 թվականին անգլիական նավատորմը, չհանդիպելով հոլանդացի քաղաքապետ Սթեյվիսթենի դիմադրությանը, գրավեց քաղաքն ու վերանվանեց այն  «Նյու Յորք»:
 Ընդամենը 400 հարյուր տարվա պատմություն ունեցող քաղաքը չես համեմատի աշխարհի որևէ այլ քաղաքի հետ, քանի որ Նյու Յորքը աշխարհի մայրաքաղաքն է:

«Մեծ խնձոր» -ի առեղծվածը.
«Քարե ջունգլիներ» , «Դեղին դևի քաղաք» , «Քաղաք, որը երբեք չի քնում». Նյու Յորքին բնորոշող հարյուրավոր նմանատիպ պիտակներից ամենատարածվածն ու առասպելների նյութ հանդիսացողը «Մեծ խնձորն» է, որն իրականանում մեկ ճշմարիտ մեկնություն ունի: Այսպես:
Ջազային մի անսամբլ սիրում էր իր ելույթների վայրն անվանել «խնձոր»: Հենց այդպես, «խնձոր» :)
Մանհեթնում ելույթ ունենալիս անսամբլի անդամները չեն համարձակվում Նյու Յորքին տալ ավանդական «խնձոր» անվանումը, այլ այն կոչում են «Մեծ խնձոր»: Այս պիտակն արագորեն տարածվում է ողջ քաղաքում, իսկ հետագայում այն դառնում է ամենատարբեր լեգենդների նյութ: Այժմ տեղացիները դրանցով զվարճացնում են Նյու Յորք եկած զբոսաշրջիկներին:
Ի դեպ, վերջիններիս մասին. 2010 թվականի տվյալներով քաղաքում զբոսաշրջիկների թիվը հասնում է 48.7 միլիոնի, որից 39 միլիոնն ամերիկացիներ են, մնացած 9.7 միլիոնը՝ օտարերկրացիներ: Նյու Յորքը հանդիսանում է ամենահրապուրիչ քաղաքներից մեկը ԱՄՆ այցելած մարդկանց համար:  Եվ ընդհանրապես, մի շարք ոլորտներում Նյու Յորքը առաջատար  է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ աշխարհի մաշտաբով: Այն համարվում է աշխարհի ամենախոշոր միջազգային ֆինանասական, քաղաքական ու տնտեսական կենտրոնը:
Նյու Յորքն ԱՄՆ-ի մայրաքաղաք եղել է 2 անգամ (1785-1788 թթ և 1789-1790 թթ):
Ազատության հանրահայտ արձանը, որը Նյու Յորքի խորհրդանիշներից մեկն է համարվում, խորհրդանշում է նաև էմիգրանտների ազատությունն այս քաղաքում: Ի միջի այլոց, էմիգրանտների թիվն ահռելի չափեր է կրում քաղաքում և օրեցօր ավելանում է:
Հազարավոր մարդիկ գալիս են այստեղ աշխատելու, կարիերա ստեղծելու, հայտնի դառնալու:
Նյու Յորքը սիրում է ուժեղ, տաղանդավոր, նպատակասլաց մարդկանց և ուղղակի կուլ է տալիս թույլերին: Նա չի հավատում արցունքներին, այլ հավատում է նրանց, ովքեր գիտեն հարգել և ունեն  իրենց ուժերից, կարողություններից օգտվելու հմտություններ:
Նրանք, ովքեր կարողանում են գոյատևել մեգաքաղաքի ջունգլիներում, դառնում են ամենաշխատունակ, կոփված բնավորության ու կամքի տեր մարդիկ, մի խոսքով իսկական Նյու-Յորքեր. հենց այսպես են իրենց անվանում մեգաքաղաքի բնակիչները:
Նյու-Յորքերները պարզ ու շիտակ են շփումների մեջ, բայց դուք կարող եք ապշել նրանց կոպտությունից, իսկ ամենաբարդը նրանց անտաշ կատակները հասկանալն է:
Նյու-Յորքերները, որպես կանոն, չեն խառնվում ուրիշների գործերին: Եթե դուք լիովին գիտակցաբար պառկեք փողոցի մեջտեղում, հազիվ թե մեկը մոտենա ձեզ, իհարկե եթե դուք չխնդրեք նրանց այդ մասին:
Նյու- Յորքների համար լիովին միևնույնն է ՝ ինչ բրենդի են  պատկանում ձեր հագուստը կամ կոշիկները, կարևորը, որ դուք կոկիկ տեսք ունենաք և ձեզնից վատ հոտ չգա:
Մեծ հնարավորությունների այս քաղաքում, որտեղ յուրաքանչյուր բնակիչ իր աշխատավայր հասնելու համար միջինում ծախսում է 40 րոպե, ոչ ոք ժամանակ չի ծախսում արտաքին տեսքի վրա, փոխարենը այստեղ կարևորվում է ներքին բովանդակությունը:
Հաջողությունների հասնելու և անհաջողություններից զերծ մնալու ձգտումը դարձել է իդեաֆիքս միլիոնավոր Նյու-Յորքերների համար: Այդ պատճառով նրանք արթնանում են առավոտյան ժամը 5-ին, մանրակրկիտ պլանավորում են իրենց օրը և լինովին մոռանում հանգստի մասին: Ահա մեգաքաղաքի բնակչի ապրելու ոճը:
 Մշակույթների ու մենտալիտետների այս խառնարանում  խոսում են 170 տարբեր լեզուներով, գործում է 25 հազար ռեստորան՝ բոլոր երկրների ազգային խոհանոցներին պատկանող ուտեստներով: Այստեղ օրական նկարահանվում է 250 ֆիլմ, գործում է 790 հազար ընկերություններ, ապրում է 8 միլիոն 8278 հազար մարդ: Եվ այստեղ կարևոր է կարողանալ տարբերել կյանքի վառ երանգները,  չընկղմվել մոխրագույնի մեջ, չկորցնել համբերությունը, երբեք չհանձնվել ու չմոռանալ…
… Նյու Յորքն աշխարհի մայրաքաղաքն է, այն վայրն , ուր ստեղծվում են երազանքները, և այն վայրն է, որի մասին երազում են մարդիկ՝ աշխարհի բոլոր անկյուններից:

Հ. Գ.- Այս գրառման համար այսքանը: Մյուսը՝ շուտով: Նյութը պարաստելիս օգտվել եմ՝
Վիքիպեդիա
http://www.newsland.ru
http://zakonzhizni.ru
http://www.sheppardsoftware.com
և մի շարք այլ կայքերից:
Շնորհակալություն ընթերցման համար:



воскресенье, 19 августа 2012 г.

.... ու երկնային երիցուկները սեր ու խաղաղություն են բերում ատելության ու ցասումների մեջ խեղդվող մարդկանց.... Նրանք հիշեցնում են, որ Ամենատեսը գիտի և տնօրինում է ամեն բան.... Ոչինչ առանց Նրա Կամքի չի իրականանում....
Երիցուկները խնդրում են մեզ չդատապարտել... Ու ամեն ինչ սկսել մեր ներսից....

Աղոթք, որը ես մոռացել էի

Մի քանի ամիս առաջ, երբ հերթական անգամ փորփրում էի  Պաուլո Կոելյոյի բլոգը՝ որևէ հետաքրքիր բան գտնելու ակնկալիքով, գտա այս աղոթքը: Շատ հավանեցի ու որոշեցի թարգմանել ինքս ինձ համար: Այն ժամանակ «Երկնքոտ Երիցուկներ»-ը դեռ չէր ծնվել: Իսկ հիմա նա կա, ու ցանկանում եմ հենց նրա շրջանակներում տարածել այն, ինչն ինձ այդքան գրավել էր: Հուսով եմ, որ դու էլ աղոթքի մեջ կգտնես հարազատության այն թրթիռները, որոնք  համայն մարդկությանը  կապում են միմյանց:
Բարի ընթերցում:

                                                                    ***

Մի օր, երբ ես քայլում էի Սան Պաուլոյի փողոցներից մեկով, ընկերս՝ Էդժինսոնը, մոտենալով ինձ, փոխանցեց մի բրոշյուր՝ «Սրբազան ակնթարթ» խորագրով:
Բրոշյուրը տպագրված էր 4 գույներով, հրաշալի թղթի վրա, առանց որևէ կրոնական կազմակերպության հիշատակման: Բրոշյուրի հակառակ կողմում  աղոթք էր 
միայն
Պատկերացրեք, թե որքան մեծ եղավ զարմանքս, երբ տեսա աղոթքի հեղինակի անունը…
Աղոթքն առաջին անգամ տպագրվել էր 80-ականների սկզբին, բանաստեղծությունների  գրքի կազմի  ներսում: Ես չէի կարծում, որ այն կհաղթահարեր ժամանակի փորձությունը և ինձ մոտ կվերադառնար այդքան խորհրդավոր ձևով: Երբ  այն վերընթերցեցի, ամոթ չզգացի նրա համար, ինչ գրել էի:
Եվ քանի որ այն հայտնվել էր բրոշյուրում, ու ես էլ հավատում եմ նախանշաններին, կարծում եմ, ճիշտ կլինի այն նորից ներկայացնել: Հույս ունեմ, որ այն կխրախուսի յուրաքանչյուր ընթերցողի գրել իր սեփական աղոթքը՝ խնդրելով իր և մյուսների համար այն, ինչն իր կարծիքով ամենակարևորն է: Ահա աղոթքը.

« Տե՛ր, պաշտպանիր մեր կասկածները, որովհետև կասկածը միջոց է, որով մենք աղոթում ենք: Կասկածն է, որ ստիպում է մեզ աճել. այն ստիպում է մեզ անվախորեն նայել մեկ հարցում առկա շատ պատասխանների:
… և թող դա հնարավոր լինի:
Տե՛ր, պաշտպանիր մեր որոշումները, որովհետև որոշում կայացնելը միջոց է, որով մենք աղոթում ենք: Տուր մեզ քաջություն մեր կասկածներից հետո ի վիճակի լինել ընտրություն կատարելու երկու ճանապարհների միջև: Թող մեր «այո»-ն միշտ լինի այո, և մեր  «ոչ»-ը ՝ միշտ ոչ: Երբ մենք ընտրում ենք ճանապարհը, թող երբեք հետ չնայենք, ու մեր հոգիները չտանջվեն խղճի խայթից:
… և թող դա հնարավոր լինի:
Տե՛ր, պաշտպանիր մեր գործողությունները, որովհետև գործողությունը միջոց է,
որով մենք աղոթում ենք: Թող մեր հանապազօրյա հացը լինի ա՛յն լավագույնի արդյունքը, որը մենք կրում ենք մեր մեջ: Թող աշխատանքի ու գործողության միջոցով տարածենք մի քիչ ա՛յն
սիրուց, որը ստանում ենք:
… և թող դա հնարավոր լինի:
Տե՛ր, պաշտպանիր մեր երազանքները, որովհետև երազանքը միջոց է, որով մենք աղոթում ենք: Տուր մեզ վստահություն, որ անկախ մեր տարիքից ու կարգավիճակից՝ մենք ունակ ենք պահելու մեր սրտի լույսը, հույսի ու հաստատակամության շողարձակող լույսը:
… և թող դա հնարավոր լինի:
Տե՛ր, պաշտպանիր մեր խանդավառությունը, որովհետև խանդավառությունը միջոց է, որով մենք աղոթում ենք: Դա այն է, ինչը մեզ կապում է Երկնքին ու Երկրին, հասունացնում  երեխաներին, ու մեզ համոզում, որ մեր ցանկությունները կարևոր են ու մեր մեծագույն ջանքերի կարիքն ունեն: Խանդավառությունն է հաստատում, որ ամեն ինչ հնարավոր է, քանի դեռ մենք հավատարիմ ենք նրան, ինչ անում ենք:
… և թող դա հնարավոր լինի:

Տե՛ր, պաշտպանիր մեզ, քանի որ կյանքը այն միակ միջոցն է, որ մենք ունենք՝ ապացուցելու Քո Հրաշքը: Թող Երկրի տեսքը  շարունակվի փոխվել ցորենի հասունացող դաշտերով, թող մենք շարունակենք ցորենը հացի վերածել: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք Սեր ունենք, ուստի մի թող մեզ մենակության մեջ:  Տուր մեզ Քո և ա՛յն տղամարդկանց ու կանանց ընկերակցությունը, ովքեր ունեն կասկածներ ու 
խանդավաոություն,  ովքեր որոշում, գործում ու երազում են և յուրաքանչյուր օր ապրում են այնպես, որ այն ամբողջովին ուղված լինի Քո Փառքին:
 Ամեն: 

вторник, 14 августа 2012 г.

… Ու եթե ատել՝ ատել միայն ատելությունը





Քաղաքը փոքրանալով դառնում է անէ մեկի ոտնահետք: Ապրած օրերի պողոտայով քայլում է սառած ոսկրակույտ… ու շնչահեղձ է լինում նա… շատ թթվածնից, ամեն ինչի լճացումից:
Ամենը ինչ-որ հորինված երկուսի համար էր: Պետք չէր հավատալ, որ այստեղ կարող են երկուսը լինել: Երկրորդը միշտ մեկն է, ով օգնում է քայլել, նա չէ, ով դառնում է ոտնահետք:
Տիեզերքի ո՞ր  ԱՆանկյունում մնաց ներումը… թողությունը:
 Մոռանալով տիեզերքի անեզրության բոլոր տեսությունները՝ տիեզերք գտավ մի զույգ պարզ, մարդկային աչքերում:
Տիեզերքից երկնաքարերի տարափ սկսվեց:
Բաժանումի ակոսներ արարվեցին:
Մենք դադարեցինք սերը մատներով ուտել ու հիմա, հուսահատություն անունով ինչ-որ երիզորդ կրծում է ինչ-որ մեկի ստամոքսը:
Երջանկությանը բանտել էին ինչ-որ դեպքերի ու դեմքերի, գոյերի մեջ: Ու մի օր նա վճռեց պայթել… երկու զույգ աչքերից ցավահամ արցունքներ եկան, որոնք երջանկությանը ազատություն ընծայեցին՝ թողնելով նրան լինել ամենուր ու ամենում:
Ասա «ամեն» երջանկությանը:
Հրաշքը ծնվեց ճիշտ ժամանակին, երբ նա իրեն փորձում էր համոզել, որ հրաշքները մնացել են ա՛յն Ձմեռ Պապիկի պարկում, ով նեղացել է աշխարհից ու էլ չի գալու:
Հենց այդպես են գալիս հրաշքները:
Ամբողջ մարմինդ աղաղակում է նրա գալուստը:
Իսկ դու շփոթված ինչ-որ բան ես փնտրում… մինչև…
Մինչև հիմա հավատում եմ հրաշքներին, նույնիսկ հիմա, երբ խնջույքը կարծես ավարտվել է, լույսերը մարել են, ու բոլորը գնացել են քնելու…
Չգիտեմ՝ ով է ասել, որ հավատամ: Երևի այն գարունը, որ այդպես էլ չապրեցինք, կամ այն գարունը, որ սպասում է մեզ:
Լավատես լինելը միշտ  գերադասելի է, նույնիսկ եթե քո դդումն այդպես էլ կառք չդառնա.. գոնե վերջում քեզ չես մեղադրի, որ չհավատացիր, այդ պատճառով այդպես եղավ:
Եղավ, քանզի գուցե քեզ կառք պետք չէ, որովհոտև դու ամենևին էլ մոխրոտը չես.. գուցե դու այն ջրահարսն ես, ով պիտի փրկի իր արքայազնին… ախ, դու վախենում ես փրփուր դառնալ…
Իսկ ի՞նչ կասես յոթ թզուկների հետ ապրելու մասին…
 Այդ աշնանը դու շատ էիր սպասել:
Աղոթքներդ մի բույրի կարիք ունեին: Առողջություն բերած անձրևների բույր:
Գուցե ողջություն առնելը եղավ լուռ ու աննկատ, ինչպես գալիս են հրաշքները:
Որքան բան մենք չենք նկատում:
Անձրևների հետ եկան կորուստներ, ու կորստյան վախերը ցամաքեցին ջրափոսերի հետ…
Բնությունը ճերմակի սպասման մեջ արևոտվում էր:
Դու արևների մեջ սպասում էիր Նրա Կամքին:
Դու խեղդում ես ցավը, դու դատապարտում ես հույսին բռնաբարողին ցմահ:
… ու քաղաքը դառնում է քարե մի բուրվառ, որում ծխում է մայրամուտագույն խաղաղություն:
Ամեն ակնթարթիցդ սեր է ծորում, որ աշխարհը սիրով վարակվի:
                                                          
                                                                     ***
Թափանցիկ պատերով համեստ թեյարան: Երկու բաժակ դեղձահամ թեյ: Դրսում գիշեր՝ ձմեռաբույր կապույտով… ու շատ ձյուն՝ լուսամփոփների հետ մերթ դեղնող, մերթ շողարձակող:
Աչքերի անտակ տխրության անվերջ որոնումներ: Գուցե այդպես էլ չգա ու երկու բաժակ թեյն էլ դու խմես, որ երբ դուրս գաս չմրսես, ձմեռն իրենը չանի:
Ամռանն էլ կարելի է մրսել, երբ մի զույգ ձեռքերի տասը մատների ջերմության բացակայություն կա:
Ամբողջ մարմնով ընկղմվում ես մի շարֆի մեջ, որը քոնը չէ և նրանն էլ չլինի գուցե…
Թող շարֆը փաթաթվի բոլոր լուսե-սիրաթաթախ հիշողությունների պարանոցին, որպեսզի ոչ ժամանակը, ոչ տարածությունը և ոչ էլ ամառը չսառեցնի  նրանց:
«Երանի այս ձյունը զորություն ունենար մաքրելու բոլոր մեղքերը, որ գործվել են Սիրո դեմ»:
Թող ապաշխարանքի ու ներումի, խաղաղության ապրած-չապրած եղանակ գա քո քաղաքում, թող մրսելը միայն ձմեռվանից լինի, թող մենություն բառը… չլինի մենություն բառը:
Թող հրաշքները համբուրեն մեզ, ու մենք սովորենք տիեզերքը չտեղավորել մեկի աչքերում, որ երբ այդ մեկը որոշի քնել, խուճապի չմատնվենք:
Ուզում եմ սիրուց ցավեն մարդիկ:
Ցավի չափ սեր լինի…
Ամանորին դու որոշել էիր քեզ հետ կապված ոչ մի երազանք չպահել. վերջիվերջո երազանքները պահելու համար չեն, երազանքը պետք է աղաղակել:
Ես աղաղակում եմ երազանքս. ուզում եմ սեր լինի:
Ես սեր եմ աղաղակելու, արի միասին:
                                                                                         2011թվական: Դեկտեմբեր:
                                                           Հ.Գ.- Նվիրվում է բոլոր լավատեսներին ու նրանց,
                                                                      ովքեր պայքարել են սիրո համար:

Լուսանկարը՝ http://www.facebook.com/non.rockrevolution